Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչո՞ւ է Երևանը շտապում, իսկ Մոսկվան ու Մինսկը դիմադրում են

Ինչո՞ւ է Երևանը շտապում, իսկ Մոսկվան ու Մինսկը դիմադրում են
29.07.2018 | 10:12

Մինչ երեկ Հայաստանում օրվա թեման երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունն ու նրա փաստաբանների ասուլիսն էր, ՀԱՊԿ շրջագծում ծավալվում էին ոչ պակաս կարևոր իրադարձություններ: Նախորդ գիշերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավով ազատվել էր, բայց հետաքննությունը շարունակվում է` նրան սահմանադրական կարգի տապալման մեղադրանք է առաջադրվել:

Խաչատուրովը կամ նրա փաստաբանը ասուլիս չեն տվել, ընդամենը հայտնի է, որ Խաչատուրովը մեղադրանքը չի ընդունում: Առաջին լուրն էր, որ Հայաստանը ցանկանում է փոխարինել Յուրի Խաչատուրովին: ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարեց, որ Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործը խիստ ներքին իրավական գործընթաց է, և Հայաստանում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է ՀՀ քաղաքացի. «Հաշվի առնելով, որ խոսքը գնում է ներկայումս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար պաշտոնը զբաղեցնող անձին առնչվող գործի մասին և մեծ կարևորություն տալով Կազմակերպության հեղինակության և անխափան բնականոն աշխատանքի ապահովմանը, Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց»:

Հետագա իրադարձությունները ծավալվեցին պաշտոնական ու ոչպաշտոնական հարթության մեջ: ՌԴ ԱԳՆ հայտարարեց. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարության հետ կապված հարկ ենք համարում տեղեկացնել, որ հայկական կողմին բացատրությունները տրվել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ ծնախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցի ընթացքում՝ հուլիսի 27-ին: Նշվել է, որ, ՀԱՊԿ-ի ընթացակարգի կանոնների համաձայն՝ հայկական կողմը պետք է պաշտոնապես նախաձեռնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից իր քաղաքացու հետկանչը, եթե հետկանչի մասին որոշումն ընդունվել է Երևանում»: Զուգահեռ ТАСС-ը տարածեց տեղեկություն, որ Ռուսաստանը ոչ պրոֆեսիոնալ է համարում Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը, որ Երևանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: ТАСС-ի զրուցակիցը եղել էր «Մոսկվայում բարձրաստիճան դիվանագիտական աղբյուր»:

«Այսօր ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել ՀԱՊԿ երկրներին ուղղված պրոֆեսիոնալիզմի բացակայությամբ զարմացնող առաջարկով՝ «սկսել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց»: Նման հայտարարություններ լսելը առավել քան տարօրինակ է, երբ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները չեն անդրադարձել նախարարության կոլեկտիվի վրա, որը վերջերս էր ներկայացրել ՀԱՊԿ-ին Խաչատուրովի թեկնածությունը: Եվ որ ամենակարևորն է՝ շատ լավ տեղեկացված է գործընթացով, ըստ որի Հայաստանը պետք է սկսի գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը, որն այդ երկրի ներկայացուցիչ է», - նշել է աղբյուրը:
ТАСС-ը պարզաբանել էր` Երևանը պետք է գրավոր ծանուցում ուղարկի ՀԱՊԿ, և միայն դրանից հետո գործի կդրվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի լիազորությունների դադարեցման ընթացակարգը, ТАСС-ին ասել է Մոսկվայում բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը. «Եթե Երևանում որոշել են, որ պարոն Խաչատուրովն այժմ իրենց չի բավարարում այդ պաշտոնում, Հայաստանից ՀԱՊԿ-ը պետք է ստանա համապատասխան գրավոր ծանուցում: Միայն դրանից հետո գործի կդրվի պաշտոնական ընթացակարգը՝ և ոչ թե «գլխավոր քարտուղարի փոխարինման», այլ նրա լիազորությունների դադարեցման»:


Հետո տեղեկություններ տարածվեցին, որ ՌԴ և Բելառուսի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Վլադիմիր Մակեյը հեռախոսով քննարկել են ՀԱՊԿ-ի գործունեության արդի խնդիրները` ըստ ՌԴ ԱԳՆ-ի: Բելառուսի ԱԳՆ-ից նշել են, որ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը: Դրանից հետո ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հաղորդեց, որ հայկական կողմի նախաձեռնությամբ հուլիսի 28-ին հեռախոսել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, քննարկվել են երկկողմ համագործակցությանն ու դրանց ընդլայնմանը վերաբերող հարցեր,
զրուցակիցներն անդրադարձել են նաև ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում փոխգործակցությանը։ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ մեղադրանքի հետ կապված իրավիճակը:


Ինչո՞վ է բացատրվում հայկական կողմի ամոթխած լռությունը հեռախոսազրույցների բուն թեմայի մասին` առանց փակագծերը բացելու, երբ ակնհայտ է, որ «ՀԱՊԿ-ում փոխգործակցությունը» շատ կոնկրետ թեմա ունի` Յուրի Խաչատուրովի հետագա պաշտոնավարումը, ավելի ճիշտ` կասեցումը: Ավելի ճիշտ` ակնհայտ է, որ բոլոր հայտնի ու անհայտ հեռախոսազանգերի հիմքում բոլորովին այլ փաստ է` թե Ռուսաստանը, թե Բելառուսը, ում պետք է անցնի ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանից հետո, չեն ցանկանում, որ Յուրի Խաչատուրովը փոխարինվի: Չկարծեք, թե դա նրան իմունիտետ ապահովելու միտում ունի, նրանք պարզապես գտնում են, որ եթե Հայաստանը հետ է կանչում ՀԱՊԿ-ում իր ներկայացուցչին, ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարությունն անցնում է Բելառուսին: Մինչդեռ Խաչատուրովը նշանակվել է 2017-ի մայիսին, 3 տարով և ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը, ըստ ՀԱՊԿ կանոնադրության, պիտի տևի մինչև 2020-ը: Առանց այդ էլ` ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանին փոխանցելը հետաձգվեց և ՌԴ ներկայացուցիչ Նիկոլայ Բորդյուժայի պաշտոնավարումը երկարացվեց:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հարց` ինչու՞ են հայկական կողմի պաշտոնական տեղեկատվություններն այդքան անորոշ` ու՞ր մնաց հրապարակայնությունը, և երկրորդ` ինչու՞ Մոսկվան ու Մինսկը չեն ցանկանում, որ Յուրի Խաչատուրովը փոխարինվի մեկ այլ հայ զինվորականով: Որովհետև նոր իշխանությու՞նը պիտի նշանակի, իսկ նոր իշխանության նշանակումները, մեղմ ասած, Մոսկվայի, նաև Մինսկի, համար, խիստ խնդրահարույց են: Ոչ առանց հիմքերի: Եվ երրորդը` այս օրերին Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում էր, և պարզապես բացառվում է, որ ԵԱՏՄ վարչապետների հետ առանձնազրույցներում նրան հարց չտային` ի՞նչ է կատարվում Հայաստանում` ինչու՞ են նախկին նախագահին ձերբակալում, պաշտպանության նախկին նախարարին հետախուզում հայտարարում, ՀԱՊԿ ներկա գլխավոր քարտուղարին մեղադրում սահմանադրական կարգը տապալելու փորձի մեջ: Թվում էր` Խաչատուրովին փոխարինման հարցը կամ պետք է լուծված լիներ, կամ` ընդհանրապես չբարձրացվեր, քանի դեռ չկա դատարանի վճիռ, որ նա մեղավոր է: Իսկ եթե դատարանն արդարացնու՞մ է Յուրի Խաչատուրովին: Սպասենք Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ասուլիսի՞ն:

Դիտվել է՝ 6308

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ